1 Samuel 11
1 Ամմոնացի Նաասը գնաց դեպի վեր և բանակ դրեց Գաղաադի Հաբիսի դիմաց. և Հաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք քեզ կծառայենք»։
2 Բայց ամմոնացի Նաասը նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ ձեր բոլորի աջ աչքը հանեմ և դրանով նախատինք դնեմ ամբողջ Իսրայելի վրա»։
3 Եվ Հաբիսի ծերերը նրան ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ ազատող չլինի, այն ժամանակ մենք կհանձնվենք քեզ»։
4 Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։
5 Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։
6 Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։
7 Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։
8 Եվ Սավուղը նրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։
9 Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։
10 Հաբիսի բնակիչներն ասացին ամմոնացիներին. «Վաղը կհանձնվենք ձեզ, և ինչ հաճելի է ձեզ, այն էլ արե՛ք մեզ հետ»։
11 Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։
12 Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Ո՞վ էր ասում, թե Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի. այդ մարդկանց մե՛զ տվեք, որ մեռցնենք»։
13 Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։
14 Եվ Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա և այնտեղ վերահաստատենք թագավորությունը»։
15 Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։